fb linkedin insta youtube

Ուսանողական իրավունքի վերականգնում

Կ Ա Ր Գ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՎԱՐՏ ԹՈՂԱԾ ԱՆՁԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

  1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը:
  2. Ուսանողի ուսումնառությունը համարվում է անավարտ, եթե նա՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ակադեմիական արձակուրդ.

2) սույն կարգին համապատասխան օգտվում է նպատակային արձակուրդից.

3) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան ստացել է տարկետում և զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության.

4) ազատվել կամ հեռացվել է Հաստատությունից.

5) Հանդիսանում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտ:

  1. Հաստատության վերակազմակերպման կամ լուծարման համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ հաստատության կողմից պարտադիր կերպով սովորողին տրվում է ազատման հրամանի պատճենը, հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, տեղեկանք ուսման վարձի վերաբերյալ, ակադեմիական տեղեկանք և հաստատություն ընդունվելու համար հիմք հանդիսացող նախորդ կրթական ծրագրի ավարտական փաստաթուղթը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով):
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) Հաստատության վերակազմակերպման կամ լուծարման համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը:
  3. Սովորողը փաստաթղթերը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը, ուսումնառությունը շարունակելու համար, ներկայացնում է նախարարության կողմից հաստատված Հաստատություն՝ իր ուսումնառած կամ հարակից մասնագիտությամբ:
  4. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված սկզբունքներով չընդունված կամ Հաստատության տնօրենի (ռեկտորի) կողմից մերժում ստացած սովորողը կարող է 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել ցանկով հաստատված այլ Հաստատություն:
  5. Տվյալ կիսամյակում սովորողը հետագա ուսումնառության շարունակման համար 5-րդ կետով նախատեսված ժամկետներում չդիմելու դեպքում, հաջորդ ուսումնական տարվա կամ կիսամյակի ընթացքում սովորողի կրթության կազմակերպումը կարգավորվում է սույն կարգի պահանջներով:
  6. Հաստատության տնօրենը (ռեկտորը) սովորողի դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է համապատասխան մասնագիտությամբ սովորողի ուսումնառության կազմակերպման մասին դիմումը` առաջնորդվելով սույն կարգի պահանջներով, և որոշում նրա ընդունման կուրսը (ըստ սովորողի դիմումում նշված ուսուցման ձևի` առկա կամ հեռակա) կամ մերժում սովորողին: Դիմումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաստատությունները նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` սովորողի ուսումնառության կազմակերպման կամ սովորողին մերժելու հիմքերի մասին:
  7. Հաստատությունում սովորողի հրամանագրման դեպքում նրա ուսման վարձի չափը չի կարող գերազանցել նախորդ Հաստատությունում ուսման վարձի չափից:
  8. Վճարովի ուսուցման համակարգում սովորողի հրամանագրումը կատարվում է միայն հաստատության և դիմորդի (ուսանողի) միջև կնքված համապատասխան պայմանագրով նախատեսված վճարումը կատարելուց հետո՝ ըստ պայմանագրով նախատեսված ձևով և չափով:
  9. Նախորդ հաստատությունում մինչև վերակազմակերպման կամ լուծարման համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողն այլ հաստատությունում ուսումնառությունը շարունակելիս պահպանում է այդ իրավունքը՝ վերականգնված հաստատությունից համապատասխան հայտի հիման վրա:
  10. Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտը (այսուհետ՝ շրջանավարտ), ով չունի վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ՝ կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել իր ուսումնառած մասնագիտության ավարտական կուրսում` վճարովի հիմունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողից:
  11. Շրջանավարտը վերականգնման ընթացքում կարող է փոխել ուսումնառած մասնագիտությունը (մասնագիտացումը)` պահպանելով սույն կարգի 23-րդ կետով սահմանված սկզբունքները և 28-րդ կետով սահմանված պահանջները՝ նախընտրած մասնագիտությամբ առնվազն մեկ ուսումնական տարուց ոչ պակաս ուսումնառելու պայմանով:
  12. Շրջանավարտը սույն կարգով սահմանված ժամկետում ուսանողական իրավունքը վերականգնելու մասին դիմումի հետ միասին ուսումնական հաստատություն է ներկայացնում սույն կարգի 31-րդ կետի 1-ին, 3-ից 5-րդ կետերով սահմանված փաստաթղթերը և պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը (դիպլոմ) և նրա ներդիրը:
  13. Շրջանավարտի ուսանողական իրավունքը վերականգնվում է պահպանելով նաև սույն կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը:
  14. ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի տեսակներից սույն կարգում կիրառվում են հետևյալ տեսակները`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդ.

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ.

3) ժամանակավոր անաշխատունակության արձակուրդ:

  1. Հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար ուսանողին տրամադրվում է մինչև երեք տարի ժամկետով նպատակային արձակուրդ (համաձայն ուսանողի կողմից դիմումով ներկայացված ժամկետի):
  2. Ակադեմիական կամ նպատակային արձակուրդում գտնվող, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան տարկետում ստացած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված ուսանողը Հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ազատվում է ուսանողական պարտականությունների կատարումից` պահպանելով Հաստատությունում իր ուսման տեղը և ուսանողական իրավունքը:
  3. Ակադեմիական արձակուրդից, հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխային խնամելու համար տրամադրվող նպատակային արձակուրդներից վերադարձած, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողն ուսումը շարունակում է նույն Հաստատությունում և նույն մասնագիտությամբ (մասնագիտացմամբ)` Հաստատություն վերադառնալու օրվան հաջորդող այն կիսամյակից և կրթական ծրագրի այն փուլից, որտեղից ուսումն անավարտ է թողել:
  4. Ակադեմիական արձակուրդից, հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխային խնամելու համար տրամադրվող նպատակային արձակուրդներից և պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած ուսանողը, իր ուսանողական իրավունքը վերականգնելու համար ուսումնական հաստատություն է դիմում վերադառնալուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Սահմանված ժամկետում չդիմելու դեպքում կորցնում է 18-րդ կետով սահմանված իր ուսման տեղը և ուսանողական իրավունքը:
  5. Ակադեմիական կամ հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխային խնամելու համար տրամադրվող նպատակային արձակուրդից վերադարձած կամ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողի հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է նոր պայմանագիր, որի պայմաններն ուսանողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան նախորդ պայմանագրի պայմաններն էին:
  6. Հաստատությունում ուսանողական իրավունքը վերականգնած և այլ մասնագիտություն (մասնագիտացում) տեղափոխված անձի ուսումնառությունն իրականացվում է վճարովի հիմունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողից, անվճար ուսուցման համակարգում ուսումնառած և ակադեմիական ու նպատակային արձակուրդից վերադարձած ուսանողից, ինչպես նաև այն դեպքերի, երբ տվյալ տարվա համար պետական լիազորված մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին) կողմից Հաստատությանը հատկացվել են միայն անվճար տեղեր և առկա է թափուր տեղ:
  7. Հաստատությունից ազատված կամ հեռացված անձը, ինչպես նաև վճարովի ուսուցման համակարգում ուսումնառած և ակադեմիական կամ նպատակային արձակուրդից, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան տարկետումից վերադարձած ուսանողը կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել և անավարտ թողած ուսումը շարունակել այն Հաստատությունում, որտեղ նա ուսումն անավարտ է թողել, կամ անձի ցանկությամբ անավարտ թողած կրթական ծրագրին համապատասխան կամ ավելի ցածր կրթական ծրագիր իրականացնող այլ Հաստատությունում` պահպանելով հետևյալ սկզբունքները.

1) նախընտրած մասնագիտության համապատասխան կիսամյակի սկզբից, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության համար սահմանված ուսումնական պլանների ակադեմիական տարբերությունները չեն գերազանցում 8 առարկան (կամ մոդուլները) կամ կրեդիտային համակարգի առկայության դեպքում՝ համապատասխան կրթական ծրագրով սահմանված կրեդիտների քանակը:

Նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված, սակայն ուսանողի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաները (մոդուլները) ու առարկաների (մոդուլների) ժամաքանակների 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները համարվում են ակադեմիական տարբերություններ:

2) Ուսանողը ցանկության դեպքում կարող է չկրկնել ուսումնառած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաները (մոդուլները), եթե դրանք համընկնում են նախընտրած մասնագիտության ուսումնական պլանի հետ: Այդ դեպքում ուսանողի ավարտական փաստաթղթում նշվում է նախկինում ստացած գնահատականը:

  1. Եթե անվճար ուսուցման համակարգում ուսումնառած և ակադեմիական կամ նպատակային արձակուրդից, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան տարկետումից վերադարձած ուսանողի ուսանողական իրավունքը վերականգնելիս Հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ (մասնագիտացմամբ) համապատասխան խումբ չկա, ապա ուսանողական իրավունքը վերականգնվում է ուսանողի ընտրությամբ` նույն Հաստատությունում այլ մասնագիտությամբ (մասնագիտացմամբ) անվճար ուսուցման համակարգում` պահպանելով սույն կարգի 23-րդ կետով սահմանված սկզբունքները:
  2. Հաստատությունում ուսանողն ուսումնառության ընթացքում կարող է փոխել իր մասնագիտությունը (մասնագիտացումը)` պահպանելով սույն կարգի 23-րդ կետով սահմանված սկզբունքները և 28-րդ կետով սահմանված պահանջները:
  3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին մասնագիտության (մասնագիտացման) փոփոխություն, որի դեպքում փոփոխվում է կրթության հիմքը, թույլատրվում է երրորդ կիսամյակն ավարտելուց հետո, եթե տվյալ կրթական ծրագրի իրականացման ժամկետները համապատասխանում են)` պահպանելով սույն կարգի 23-րդ կետով սահմանված սկզբունքները և 28-րդ կետով սահմանված պահանջները:
  4. Մասնագիտության (մասնագիտացման) փոփոխություն ավարտական կուրսում արգելվում է:
  5. Անձը կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել հետևյալ պայմանների ապահովմամբ`

1) Հաստատությունից հեռացված անձի ուսանողական իրավունքը վերականգնվում է ուսումն անավարտ թողած կիսամյակի սկզբից,

2) ուսանողական իրավունքը վերականգնելու դեպքում պետք է պահպանվեն համապատասխան մասնագիտություններով և ուսուցման ձևով նախարարության կողմից լիցենզիայով (գործունեության թույլտվության) տվյալ մասնագիտությանը հատկացված տեղերի թիվը, բացառությամբ՝ ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալու դեպքերի,

3) ազատված կամ հեռացված անձի ուսանողական իրավունքը սույն կարգի 23-րդ կետով սահմանված սկզբունքների համապատասխան վերականգնելու դեպքում այն չի համընկնում առաջին կիսամյակին:

  1. Ուսանողական իրավունքը վերականգնելու համար դիմումը ներկայացվում է կիսամյակների ուսումնական պարապմունքները սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում` այն Հաստատության տնօրենին (ռեկտորին), որտեղ դիմողը ցանկանում է վերականգնել իր ուսանողական իրավունքը: Այլ ժամկետում ուսանողական իրավունքի վերականգնումը կատարվում է նախարարության համաձայնությամբ:
  2. Ուսման վճարը չվճարելու հիմքով հեռացված անձն ազատման/հեռացման հրամանի օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսանողական իրավունքի վերականգնման դիմում ներկայացնելու և վարձավճարը վճարելու դեպքում կարող է շարունակել իր ուսումնառությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ օրերը համընկնում են կիսամյակային քննաշրջանի հետ:
  3. Ուսանողական իրավունքը վերականգնելու մասին դիմումին կցվում են Հաստատությունից ազատման կամ հեռացման հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և հետևյալ փաստաթղթերը՝

1) 4 լուսանկար (3x4 չափսի),

2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ դրա նոտարական հաստատումով վավերացված պատճենը,

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Ներքին գործերի նախարարության կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության քարտ, փախստականի վկայական),

4) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազորված մարմնին,

6) աշխատանքային գործունեության կամ մասնագիտական աշխատանքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը (դրա առկայության դեպքում):

  1. Դիմումը(ները) ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության տնօրենը (ռեկտորը)` սույն կարգի 23-րդ կետով սահմանված սկզբունքների և 28-րդ կետով սահմանված պահանջների ապահովման դեպքում՝ տալիս է ուսանողական իրավունքը վերականգնած ուսանողի ընդունման ժամանակավոր հրաման, որին կցվում է ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը` ուսանողին կցագրելով համապատասխան խմբում և թույլատրելով մասնակցելու ուսումնական պարապմունքներին:
  2. Ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է: Հաստատությունը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ուսանողի կողմից դասընթացների ծրագրային տարբերությունների ուսումնասիրման համար:
  3. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված սկզբունքների և 28-րդ կետի պահանջների չպահպանման դեպքում՝ տնօրենի (ռեկտորի) կողմից պատճառաբանված մերժվում է դիմումը: Ուսումնառության ընդհատման տևողությունն ուսանողական իրավունքի վերականգնելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմք չէ:
  4. Եթե Հաստատությունում դիմորդների ընդհանուր թիվը գերազանցում է տվյալ մասնագիտության գործունեության թույլտվությամբ (լիցենզիայով) հատկացված տեղերի թիվը, ապա դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ձևավորված հանձնաժողովը անցկացնում է մրցույթ և առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է՝

1) ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձին.

2) սույն կարգով դիմած անձին.

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության Հայաստանի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 1455-Ն հրամանով դիմած ուսանողին.

4) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 12-ի N 194-Ն հրամանով դիմած անձին.

5) առավել քիչ ակադեմիական տարբերություն ունեցողին.

6) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցողին:

  1. Ակադեմիական տարբերությունների ցանկը և ուսանողի կողմից դրանց հանձնման անհատական ժամանակացույցը կազմվում է այն Հաստատության կողմից, որտեղ վերականգնվելու է ուսանողական իրավունքը:
  2. Ակադեմիական տարբերությունների բացակայության կամ ակադեմիական տարբերությունները դրական հանձնելու դեպքում Հաստատության տնօրենը 3 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է Հաստատությունում ուսանողական իրավունքը վերականգնած ուսանողին:
  3. Ուսանողական իրավունքը վերականգնած ուսանողի հետ կնքվում է նոր պայմանագիր, նրա համար կազմվում է նոր անձնական գործ, որտեղ ընդգրկվում են նաև սույն կարգի 31-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, իսկ ուսանողին տրվում է ուսանողական տոմս, առաջադիմության գրքույկ և նրա հետ կնքած պայմանագրի երկրորդ օրինակը:
  4. Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված անձինք կարող են իրենց ուսանողական իրավունքը վերականգնել Հաստատությունում` սույն կարգի 28-րդ կետի պահանջների համաձայն:
  5. Oտարերկրյա Հաստատությունում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը վերականգնվում է Հաստատությունում նախարարության համաձայնությամբ` պահպանելով սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները:
  6. Հաստատությունը` ուսանողին հրամանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը մուտքագրում է կրթության տեղեկատվական համակարգ, իսկ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում Լիազորված մարմնին է ներկայացնում ուսանող(ներ)ի ուսանողական իրավունքի վերականգնման վերաբերյալ հաշվետվություն` նշելով ուսանողական իրավունքի վերականգնման հիմքը, կրթական ծրագիրը, կիսամյակը, ուսուցման ձևը, մասնագիտությունը և որակավորումը:
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր